ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
- ասում է Romir monitoring – ի մարկետինգային հետազոտությունների իրականացման առաջատար խորհրդատու Իգոր Բերեզինը
Օտարերկրյա վերլուծական կենտրոնների հետ համագործակցությունը հանդիսանում է VOX Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի գործունեության առաջնահերթություններից մեկը:
Մոսկվա այցելության ժամանակ VOX Populi հետազոտական կենտրոնի մենեջեր Քնարիկ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հանդիպեց Ռուսաստանի առաջատար հետազոտական կենտրոններից մեկի` Romir monitoring-ի ներկայացուցիչների, մասնավորապես, մարկետինգային հետազոտությունների իրականացման առաջատար խորհրդատու Իգոր ԲԵՐԵԶԻՆԻ եւ դաշտային հետազոտությունների իրականացման բաժնի ղեկավար Մադինա ԱԴՈՆԻԵՎԱՅԻ հետ:
Ռուսական մարկետինգային դաշտի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ քաղաքական մարկետինգը հետզհետե իր տեղը զիջում է զուտ մարկետինգին: Ինչպես նշեց Մադինա ԱԴՈՆԻԵՎԱՆ, գրեթե բոլոր ընկերությունները տեղական շուկա նոր ապրանքանիշ կամ ծառայություն ներմուծելուց առաջ անպայման թեսթավորում են նրանք, ուսումնասիրում շուկայի ակնկալիքներն ու սպասումները: Եվ դա զարմանալի չէ` հաշվի առնելով ռուսական շուկայի ապրանքատեսակների եւ ծառայությունների զանազանությունը:
Romir monitoring –ի աշխատակիցներին հետաքրքրեց, թե ինչպե՞ս են գործում հայկական հետազոտական կենտրոնները, ի՞նչ մեթոդներ են կիրառվում, որո՞նք են հայ ռեսպոնդենտի առանձնահատկությունները:
Ներկայացնելով VOX Populi կենտրոնի գործունեությունը` Քնարիկ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց որ Կենտրոնը հիմնականում իրականացնում է քաղաքական հետազոտություններ: Հայկական շուկան փոքր է, եւ դա է պատճառներից մեկը, որ հայ գործարարները դեռեւս համապատասխան ուշադրություն չեն դարձնում մարկետինգային հետազոտությունների վրա և չեն կարևորում դրանց նշանակությունը:
Այնուամենայնիվ, հայկական մի շարք գործարարներ արդեն իսկ կարևորում են շուկայի հետազոտությունների անհրաժեշտությունը: Դա նշանակում է, որ հետագայում հնարավոր է մարկետինգային համատեղ հետազոտությունների անցկացում, քանի որ, թե` ռուսական, թե` հայկական շուկան ուշադրություն են ներկայացնում երկու կողմերի գործարարների համար:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց համաձայնություն իրականացված հետազոտությունների փոխանակման և ինտերնետային համագործակցության վերաբերյալ:
|