«Ընտրական համակարգեր» կենտրոն





Online հարցում
Այլ քվեարկություններ

 










www.caa.am



Exclusive NEWS






նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Սիրելի բարեկամներ,

Տարեվերջը պատեհ առիթ է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու, նախագծված նպատակների հետ համադրելու համար։

2006 թվականը բավականին արգասաբեր էր «Ընտրական համակարգեր» կենտրոնի բոլոր կառույցների համար՝ մասնավորապես, մի շարք նոր ինտերնետային նախագծերի մասով:

«Հայաստանի հայտնի անձինք» (www.persons.am) ինտերնետ-ռեսուրսը գրանցեց իր 1000-երորդ անդամին, իսկ այցելուների թիվը մոտեցավ 3 միլիոնի սահմանագծին: Ըստ որում, կայքի այցելուների զգալի մասը արտերկրի այցելուներն են։
Կայքը ստեղծելիս մենք նպատակ ունեինք մեր այցելուներին (այդ թվում օտարերկրյա) ներկայացնել հայ հոգևոր, մշակութային, բիզնես ու քաղաքական էլիտային, ինչպես նաև ստեղծել հայտնի անձանց վերաբերյալ կարծիքների փոխանակման տարածք։
2007թ-ից սկսած կշեշտադրվեն կայքի բովանդակության բարելավման աշխատանքները՝ www.persons.am-ը դարձնելով Հայաստանի հայտնի անձանց առաջին օնլայն հանրագիտարանի:

Կազմակերպության նախաձեռնած «Նախագահ 2008» օնլայն վարկանիշային նախագիծը ( www.persons.am/president2008 ) դարձավ ներքաղաքական մրցակցության շտրիխներից մեկը` հանրությանը առաջարկելով ևս մեկ անգամ իմաստավորել մեր քաղաքական գործիչների հավակնություններն ու դերը։ Երբեմն այս կամ այն թեկնածուի կողմնակիցների ջանքերով այն վերածվում էր «բոլոր եղանակներով» քվեներ հավաքելու օնլայն ընտրապայքարի։ Նոր տարում նախագծի արդյունքները կզրոյացվեն` մասնակիցներին մրցակցության նոր, հավասար պայմաններ ապահովելու նպատակով:
Շնորհակալություն ենք հայտնում նախագծի բոլոր գործընկերներին «Նախագահ 2008»-ի հանրայնացմանն աջակցելու համար։

«Ընտրական համակարգեր» կենտրոնը իր ներդրումն ունեցավ նաեւ Հայաստանի ներքաղաքական եւ ընտրական մշակույթի բարձրացման գործում` հիմնադրելով «Հայաստանի կուսակցությունները» (www.parties.am) ինտերնետային կայքը, որտեղ ընտրողները կարող են ծանոթանալ ՀՀ-ում գրանցված կուսակցությունների վերաբերյալ համակողմանի տեղեկատվության հետ:
Ներկայումս ընթանում են կայքի բովանդակային ապահովման աշխատանքները, որոնց ավարտին` 2007թ. փետրվարին, www.parties.am –ը լիարժեքորեն կներկայանա ինտերնետ օգտագործող հայ հասարակությանը:
Կայքի առանձնահատկությունն այն է, որ կուսակցություններն իրենք կարող են կառավարել իրենց վերաբերյալ տեղեկատվության հոսքին։

2006թ. լարված աշխատանքային տարի էր նաեւ «Ընտրական համակարգեր» կենտրոնի կազմում գործող «Vox Populi» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի համար (www.expert.am): Կենտրոնը իրականացրել է բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ (արտաքին եւ ներքին պատվերներ), որոնց թվում` ԶԼՄ-ների լսարանների հետազոտություններ, օնլայն բազմաթիվ հարցումներ, հայ հասարակության մեջ տարածված կարծրատիպերի ուսումնասիրություններ եւ այլն: «Vox Populi» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը տարին ավարտեց հանրային ինստիտուտների, տարվա մարդկանց ու իրադարձությունների, 2007թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ համալիր սոցիոլոգիական հետազոտությամբ, որի արդյունքները հրապարակվեցին տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներում:

Կազմակերպության կազմում գործող մեկ այլ ստորաբաժանում` քաղաքական վերլուծության բաժինը, քաղաքական իրադարձություններին համահունչ պատրաստեց բազմաթիվ բաց եւ փակ քաղաքական տեղեկանքներ, որոնց մի մասը հանրայնացվեց, մյուսները տրամադրվեցին շահագրգիռ կողմերին:

Հասարակական կազմակերպության հաջողությունը պայմանավորված է այն գնահատականով, որը ստանում է նրա գործունեությունը հասարակության կողմից: Մենք շնորհակալ ենք կազմակերպության նախագծերին ցույց տրված հասարակական աջակցության համար:

«Ընտրական համակարգեր» կենտրոնի կոլեկտիվի անունից շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։
2007 թվականի համար մաղթում եմ նոր հաջողություններ և անձնական երջանկություն։

Հարգանքներով՝

Արթուր ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ
գործադիր տնօրեն


այլ նորություններ


(c) 2006 «Ընտրական համակարգեր» կենտրոն. Հաճախումների թիվը՝ 541823